«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Աշոտ Ղուլյան. Հակամարտության լիիրավ կողմը չի կարող դուրս լինել բանակցային գործընթացից

Աշոտ Ղուլյան. Հակամարտության լիիրավ կողմը չի կարող դուրս լինել բանակցային գործընթացից
07.05.2016 | 00:59

Ադրբեջանն այս տարիներին խաբել, ապակողմնորոշել է միջազգային հանրությանը, բոլոր այն կառույցներին, որտեղ ներկայացված է որպես անդամ կամ դիտորդ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակից Աիդա Հովհաննիսյանի հետ զրույցում ասել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։


-Պարոն Ղուլյան, 22 տարի է անցել Արցախյան հերոսամարտից։ Ձեր կարծիքով, Ադրբեջանի ձեռագրում ինչ-որ բան փոխվե՞լ է, եթե համեմատում ենք ապրիլյան պատերազմի հետ։
-Ավելի ճիշտ կլինի արձանագրենք, թե ինչը չի փոխվել Ադրբեջանի ձեռագրի մեջ։ Ինձ թվում է, որ 1991-94 թթ. և 2016-ի ապրիլի ռազմական գործողությունների ընթացքում ամենաընդհանրական կետն այն է, որ Ադրբեջանը երկու դեպքում էլ ագրեսիա է ձեռնարկել հենց Արցախի Հանրապետության հանդեպ։ Սա անհերքելի իրողություն է, և Ադրբեջանն ապրիլյան զարգացումների արդյունքում ակամա հաստատեց, որ իր գործողությունների թիրախում հենց ԼՂՀ-ն է՝ որպես նոր ստեղծված պետական կազմավորում, որն իր ինքնուրույնությունը, ինքնիշխանությունը հռչակել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Ի՞նչն է փոխվել այս ընթացքում։ 1994-ի մայիսից սկսած Ադրբեջանի գործողությունների մեջ ագրեսիվությունը չի անցել, այն դրսևորվել է մի քիչ ավելի, մի քիչ պակաս, բայց՝ մշտապես։ Այս ողջ ընթացքում մեր կողմից զգուշացվել են բոլոր այն կառույցները, որոնք զբաղվում են հակամարտության կարգավորմամբ։ Հայատյացությունը, ռազմատենչ հայտարարությունները, սպառազինումը և զենքերի կուտակումներն այն հաստատումներն էին, որ Ադրբեջանը պատրաստվում է հարմար պահին նոր ագրեսիա ձեռնարկելու։
Որակական փոփոխությունների առումով կարելի է փաստել, որ 20 տարի անց Ադրբեջանում չեն համակերպվել ԼՂՀ անկախության, ազատության գաղափարի հետ: Սրա հետ մեկտեղ Արցախում, հայկական իրականության մեջ մի նոր սերունդ է կյանք մտել, որն իր գործողությունները ծրագրում և իրականացնում է՝ հաշվի առնելով մեր անկախ լինելու իրողությունը։ Իմ խորին համոզմամբ, այս մտածելակերպն է այսօր 18-20 տարեկան զինվորներին մղել հերոսության, և նրանց անձնազոհության շնորհիվ է, որ հետ է մղվել Ադրբեջանի հերթական ագրեսիան: Իսկ ապրիլյան ռազմական գործողություններից հետո, ինչպես 90-ականներին, համայն հայությունը նորից իր բոլոր ջանքերը, հույսերն ու երազանքները միավորեց Արցախի շուրջ:
-Այս օրերին շատ է խոսվում զիջումների մասին։ Ձեր կարծիքով, ո՞րն է Արցախի համար ընդունելի զիջումների սահմանը։
-Հատկապես այս օրերին զիջումների թեման պետք է բացառվի։ Իրավիճակը հուշում է, որ չկա զիջումների այնպիսի սահման, որը կբավարարի Ադրբեջանին։ Հակառակը` մենք ավելի հաստատակամ ենք դառնում ցանկացած գնով և բոլոր միջոցներով մեր ազատությունը, ինքնիշխանությունը պահպանելու հարցում։ Հենց այս օրերին հերթական անգամ ապացուցվել է, որ ԼՂՀ-ի գոյությունը ոչ միայն ցանկություն է, այլև Արցախը հայկական պահելու, այստեղ ապրող ժողովրդի անվտանգությունը ապահովելու միակ իրական միջոցը։ ՈՒստի, ավելի ամուր երաշխիք, քան պետականությունն է՝ այս պահին չկա և չի էլ լինելու։
-Տեսնո՞ւմ եք որևէ մեխանիզմ, որով Արցախը առաջիկայում կդառնա բանակցող կողմ։
-Մեխանիզմների պակասության մեջ չէ խնդիրը։ Ինչպես 94-ից հետո Ադրբեջանն իր ապակառուցողական դիրքորոշմամբ փորձում էր Ղարաբաղն ու նրա սուբյեկտությունը թողնել ստվերի տակ, այսօր էլ այդ գործողությունների նպատակը նույնն է՝ Ղարաբաղի կողմ լինելու հանգամանքը դուրս մղել գործընթացից: Բայց, իմ տպավորությամբ, տեղի ունեցավ հակառակը. Ադրբեջանը հաստատեց այն իրողությունը, որ ԼՂՀ-ն հակամարտության լիիրավ կողմ է։ Իսկ հակամարտության լիիրավ կողմը չի կարող դուրս լինել բանակցային գործընթացից։ Եթե Ադրբեջանի ցանկությունը հիմնախնդրի խաղաղ լուծումն է, ինքը պետք է շահագրգռված լինի, որ Ղարաբաղը՝ որպես բանակցային կողմ, անպայման ներկա լինի քննարկումներին։ Եթե չկա այդ ցանկությունը՝ նշանակում է, որ Ադրբեջանը պարզապես ժամանակ է շահում՝ պատրաստվելով նոր ագրեսիաների։
-Ձեր կարծիքով, Ադրբեջանի այս մեկ ամսվա գործողությունները ի՞նչ նպատակ էին հետապնդում։
-Պետք է փաստենք, որ Ադրբեջանը տարված է այն մտածելակերպով, որ հնարավոր է շանտաժի միջոցով միջազգային կազմակերպություններին, միջնորդներին պարտադրել հակամարտության կարգավորման սեփական պատկերացումները: 94-ի զինադադարից հետո նրա դրսևորած վարքագիծը՝ քաղաքական, դիվանագիտական և ռազմական առումով, միայն ու միայն բնորոշվում է որպես բացահայտ շանտաժ: Իսկ 2016-ի ապրիլյան իրադարձությունները պետք է դիտարկել նույն քաղաքականության շարունակության մեջ։ Պարզապես միջազգային կառույցները երբեմն նահանջում են իրենց սկզբունքներից՝ հաշվի առնելով նաև նավթային, տնտեսական շահերը, ինչի հետևանքով այսօր Ադրբեջանը փաստի առաջ է կանգնեցրել միջազգային հանրությանը ու, մասնավորապես, հակամարտության կարգավորման մեջ ներգրավված այնպիսի խոշոր պետությունների, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը: Դա անթույլատրելի է. միջնորդների առաջին գործը, հիմնական անելիքը կողմերի համար հավասար հնարավորությունների ապահովումն է։ Ադրբեջանում շատ են սիրում հղում անել 93-ի ՄԱԿ-ի բանաձևերին։ Գուցե այս պահին տեղին է նրանց հիշեցնել, որ այդ բանաձևերի առաջին և ամենակարևոր կետը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է։
-Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Կարո՞ղ ենք ասել, որ նրանք էլ մեղքի իրենց բաժինն ունեն ապրիլյան իրադարձությունների մեջ։
-Անկասկած ունեն մեղքի իրենց բաժինը։ Բայց ես կարծում եմ՝ այս դեպքում այդ չափորոշիչներով չպետք է գնահատական տալ նրանց գործունեությանը։ Պարզապես պետք է ընդունել, որ Մինսկի խմբի համանախագահության արձագանքը համարժեք չէր ներկա իրավիճակին և այն մարտահրավերներին, որոնք ծագել են վերջին տարիներին Ադրբեջանի քմահաճ քաղաքականության հետևանքով։ Իրականությունն այն է, որ Ադրբեջանն այս տարիներին խաբել, ապակողմնորոշել է միջազգային հանրությանը, բոլոր այն կառույցներին, որտեղ նա ներկայացված է որպես անդամ կամ դիտորդ։ Դրանով իսկ Ադրբեջանը բոլորին դրել է հարվածի տակ՝ խախտելով իր իսկ ստանձնած պարտավորությունները։
-Փետրվարին սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծվեց Արցախում։ Այս պահին աշխատանքները շարունակվո՞ւմ են արդյոք, և որքանո՞վ է նպատակահարմար կառավարման համակարգի փոփոխությունը։
-Հանձնաժողովը ստեղծվել է մարտին, և նրան հանձանարարված էր մինչև ապրիլի 1-ը պատրաստել և հանրապետության նախագահին ներկայացնել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը։ Համոզված եմ, որ պետք չէ երկար բացատրել, որ այս ժամանակահատվածում անհնար է իրականացնել նախանշված ծրագրերը: Այդ իսկ պատճառով ապրիլի վերջին հանձնաժողովը դիմել է նախագահին՝ հայեցակարգի ներկայացման ժամկետները երկարաձգելու խնդրանքով։ Մի քանի օր առաջ նախագահի հրամանագրով հայեցակարգի ներկայացման ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 1-ը։ Կարծում եմ՝ այդ ժամկետում մենք կարող ենք քննարկումների միջոցով հանրագումարի բերել հանրային ու քաղաքական տրամադրություններում շրջանառվող տեսակետները: ՈՒզում եմ ընդգծել, որ խնդիրը միայն կառավարման մոդելի մեջ չէ։ Պետք է փաստենք, որ ԼՂՀ 2006-ի դեկտեմբերի 10-ի Սահմանադրությունը կարևոր դեր խաղաց Արցախի նորանկախ պետականությունն ամրապնդելու, երկրում իրավական և ժողովրդավարական կարգեր հաստատելու գործում: Պարզապես ժամանակի գործոնը անհնար է անտեսել: Մենք պարտավոր ենք հաշվի առնել նաև վերջին զարգացումները և ավելի հետևողական լինել այն հարցերում, որոնք վերաբերում են կառավարման մարմինների արդյունավետությանը և ժողովրդի անվտանգության երաշխիքներին։ Ապագա մեր մշակումներում մենք հենց այդ իրողությունների գնահատմամբ ենք առաջ ընթանալու։

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ